25/11/2021 16:42
Կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները մեկնարկել են նաև ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում. այս գործընթացում որևէ արտառոց բան չկա. Փորձագետ
Կորոնավիրուսի դեմ վերապատվաստումների գործընթացը մեկնարկել է ոչ միայն Հայաստանում, այլև ԵՄ երկրներում և ԱՄՆ-ում։ Ամբողջական պատվաստում ստացած քաղաքացիներին խորհուրդ են տալիս 6 ամիս անց, այսպես ասած, խթանիչ պատվաստում ստանալ, և այս գործընթացում որևէ արտառոց բան չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Այն մարդիկ, որոնց մոտ իմունիտետ չի ձևավորվել, ընդհուպ կարող են երրորդ պատվաստում ստանալ», - ասաց մեր զրուցակիցը։
Դավիթ Մելիք-Նուբարյանը չբացառեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց պատվաստման 6 ամիսը լրացել է, և նրանք ցանկություն ունեն կամավոր կերպով վերապատվաստվելու։
«Այս պարագայում նրանց իրավունքները սահմանափակել ճիշտ չէ։ Միաժամանակ, Եվրոպայում կորոնավիրուսի դեմ վերապատվաստումները պարտադիր բնույթ չեն կրում, և ենթադրում եմ, որ նույն մոտեցումը պետք է Հայաստանում կիրառվի», - նշեց առողջապահության փորձագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն պատվաստված քաղաքացիների շրջանում պարտադիր վերապատվաստումը դժգոհության ալիք չի ծնի։
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավենեսյանն այսօր կառավարության նսիտում հայտարարել էր, որ արդեն իրականացվում է այն քաղաքացիների վերապատվաստումը, ովքեր վեց ամիս առաջ են պատվաստվել:
«Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվի հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումը», - ասել էր նախարարը: