26/11/2021 18:58
Ամերիաբանկը ներգրավել է 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից` ՀՀ-ում կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորման համար
Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն) ստորագրել են 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր՝ երկրում մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:
Վարկի շուրջ 50 տոկոսն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս ստանալ անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը ընդլայնելու համար: Վարկային միջոցների մյուս մասն ուղղվելու է կանաչ ծրագրերի, մասնավորապես, էներգաարդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ածխածնային արտանետումների կրճատմանը նպաստող ծրագրերի իրագործմանը:
ՕՊԵԿ միջազգային զարգացման Հիմնադրամի մասնավոր հատվածի և առևտրի ֆինանսավորման գործառնությունների գծով գլխավոր տնօրենի օգնական Թարեք Ալնասարի խոսքով. «Մենք ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունն Ամերիաբանկի հետ` Հայաստանում ՓՄՁ-ների ու էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նոր գործիքների միջոցով, որոնք կօգնեն ապահովել ՓՄՁ-ներին շրջանառու կապիտալով, և կնպաստեն կայուն էներգետիկայի զարգացմանն ու տնտեսական դիմացկունությանը»:
Հիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը ՓՄՁ և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, կնքված առաջին պայմանագրի շրջանակներում (20 մլն ԱՄՆ դոլար) վարկային միջոցներն ուղղվել են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում` մեծածախ առևտրի, արտադրության, սննդի արդյունաբերության և հյուրանոցների ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Երկրորդ վարկը (25 մլն ԱՄՆ դոլար), որը տրամադրվել է հիմնադրամի առևտրի ֆինանսավորման գործառնությունների շրջանակում, նպաստեց Ամերիաբանկի միջազգային առևտրային պորտֆելի ընդլայնմանը: Նշված երկու վարկային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում ֆինանսավորում է ստացել ավելի քան 130 ձեռնարկություն:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն իր խոսքում նշեց . «Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամին մեր երկարամյա արդյունավետ համագործակցության համար։ ՓՄՁ ֆինանսավորումը մեր ռազմավարական նպատակներից մեկն է, և մենք ուրախ ենք կրկին միավորել ջանքերը մեր հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու համար: Հավատարիմ մնալով մեր կանաչ ռազմավարության ծրագրերին` ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվելու են էներգաարդյունավետ ծրագրերի իրականացմանը»:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2009 թվականից ի վեր ֆինանսավորել է ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլարի նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում: