26/11/2021 18:54
Հայաստանի վրա զինված հարձակման պայմաններում պաշտպանությանը կամավորության սկզբունքով կմասնակցեն նաև քաղաքացիները
2020-ին խորհրդարանն ընդունել է «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում Կառավարության առաջարկած լրացումները, որոնցով սահմանվել է աշխարհազոր եզրույթը: Այդ կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցություն:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, օգտվելով խորհրդարանական վերահսկություն իրականացնելու լիազորությունից, նոյեմբերի 26-ին Անդրանկ Քոչարյանի նախագահությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում` աշխարհազորի գործունեության, բանակի ռեզերվին առնչվող խնդիրների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից և սահմանամերձ համայնքներից:
Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` մեր երկրի զինված ուժերի կարողությունների ավելացմանն ուղղված նմանատիպ քննարկումները հանձնաժողովում կրելու են շարունակական բնույթ:
Մասնակիցների առաջարկով քննարկումն ընթացել է փակ ձևաչափով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերին ամբողջացնել քննարկված հարցերի շուրջ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկները: