26/11/2021 14:19
Թուրքիայում շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով ցույցերը
Թուրքիայի Իզմիր քաղաքում «Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան» հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի պահանջ ուղղելով կառավարությանը, հայտնում է Ermenihaber.am-ը։
Կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ տնտեսական խնդիրների պատճառով աշխատավորներն ավելի են աղքատանալու։
Ակցիայի ընթացքում հնչել են «Կառավարության հրաժարական», «Համընդհանուր գործադուլ, համընդհանուր դիմադրություն», ««Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ գերեզման, ժողովուրդ՝ իշխանություն» և այլ կարգախոսներ։
Նշենք, որ Թուրքիայում բողոքի ցույցերն ակտիվացել են, երբ թուրքական լիրան արժեզրկման ռեկորդ է սահմանել, իսկ Թուրքիայի տնտեսական խնդիրները խորացել են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ հնչեցրել են նաև թուրքական ընդդիմադիր ուժերը։
Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում ՝ 2023 թվականին։