26/11/2021 17:18
Հայաստանում «Սև ուրբաթին» 60-80 տոկոս զեղչով հնարավոր է ձեռք բերել առավելապես խանութներում մեկ-երկու տարի մնացած և չվաճառված ապրանքները. Կարեն Չիլինգարյան
Հայաստանում տնտեսվարողները տարվա ընթացքում պարբերաբար զեղչեր հայտարարում են, սակայն Սև ուրբաթի ժամանակ հայտարարված զեղչերը մեծամասամբ իրականությանը չեն համապատասխանում։ Տնտեսվարողները սպառողին շատ հաճախ գցում են մոլորության մեջ՝ օրինակ 10 հազար դրամ արժողությամբ ապրանքի պիտակի վրա այդ օրը գրելով ավելի թանկ գին, հետո, իբրև, իջեցնելով այն 10 հազար դրամի՝ կրկին նույն գնով վճառում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Մինչդեռ Արևմուտքում, մեր զրուցակցի խոսքով, Սև ուրբաթին մարդիկ հնարավորություն են ստանում իսկապես մեծ զեղչերով ապրանքներ ձեռք բերել՝ 100 դոլար արժողությամբ այս կամ այն իրը, օրինակ, գնելով ընդհուպ 5-10 դոլարով։
«Հայաստանում ևս Սև ուրբաթին որոշակի զեղչեր լինում են, բայց ոչ՝ արևմտյան երկրների չափ՝ հազիվ 10-20 տոկոս։ Պատճառն այն է, որ մեզ մոտ շուկան այնքան մեծ չէ, որ տարվա ընթացքում տնտեսվարողը մեծ եկամուտներ ստանա և այդ մեկ օրն իրեն թույլ տա ապրանքները վաճառել չափազանց ցածր գնով», - նշեց Կարեն Չիլինգարյանը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը շեշտեց՝ Հայաստանում Սև ուրբաթին 60-80 տոկոս զեղչով հնարավոր է ձեռք բերել առավելապես խանութներում մեկ-երկու տարի մնացած և չվաճառված ապրանքները՝ միայն թե տնտեսվարողները վերջապես ազատվեն դրանցից, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում և Եվրոպայում Սև ուրբաթին անհավանական ցածր գնով վաճառվում են լայն սպառման, առաջնային անհրաժեշտության իրերը։
Մեծ շուկաներում, նրա խոսքով, սա լրիվ հնարավոր է, իսկ Հայաստանում՝ գրեթե անհնար։