27/11/2021 14:00
Քաղաքական ղեկավարությունը վճռական է զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում. Սուրեն Պապիկյան
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։
Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում:
Միևնույն ժամանակ, Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումը, ինչպես նաև սպայի հանդեպ պետության հոգածության շեշտադրումը`համոզմունք հայտնելով, որ տեսանելի ապագայում այս ուղղությամբ էական քայլեր կիրականացվեն։
Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ՝ կապված մարտական հերթապահության կրման, ընթացիկ խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի հետ։