29/11/2021 19:31
ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար
Բարձրագույն դատական խորհուրդը, Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն է հայտարարվել։
Միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը՝ իր պաշտոնավարման վերջին օրը:
ԲԴԽ անդամ Չիչոյանը դեմ է քվեարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանն՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Դատավորի Զարուհի Նախշքարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշան Փաշինյանի գործով ինքաբացարկի միջնորդությունը մերժելն է պատճառը, որ դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել։
Այսօր, լրագրողների հետ զրույցում դատավոր Նախշքարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է․ «Անկողմնակալ դիտորդներն իրենց հետևություններն արդեն արել են։ Ցավոք, մեր դատական համակարգի ամենակարևոր մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն, իր բարձունքի վրա չէր։ Տեսանք, որ քաղաքական իշխանության կողմից ուղիղ նշանակված մարդիկ պաշտպանում են այն քաղաքական իշխանությանը, որը նրանց նշանակել է»։