29/11/2021 18:00
Հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումներն առողջապահության կազմակերպման և համաճարակաբանության հետ որևէ աղերս չունեն. Համաճարակաբան
Ինչպես առողջապահության նախարարի նախորդ բոլոր որոշումները, այնպես էլ այս մեկն առողջապահության կազմակերպման և համաճարակաբանության հետ որևէ աղերս չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաճարակաբան Գրիգոր Գրիգորյանը՝ նկատի ունենալով հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքով պայմանավորելը։
«Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ այս որոշումը թելադրված է համաշխարհային կենտրոններից մեկի կողմից, մասնավորապես, Առողջապահությաn համաշխարհային կազմակերպության կողմից, որն ինքն էլ այսօր շատ քիչ աղերս ունի առողջապահության հետ»,- ասաց նա։
Գրիգոր Գրիգորյանը նաև նկատեց՝ հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումներն առնվազն վերջնականապես կոչնչացնի ծառայությունների ոլորտը։
«Հանրային սննդի օբյեկտներ և մշակութային միջոցառումներ ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ պատվաստման հավաստագրով մուտքի սահմանափակումը ոչնչացման եզրին կդնի արդեն իսկ ծանրագույն սոցիալական վիճակում գտնվող մեր քաղաքացիներին և մանր ու միջին բիզնեսը։ Ես համոզված եմ, որ հանրային սննդի կետերը հայտնվելու են շատ անհարմար դրության մեջ՝ մի կողմից տուգանքներ, մյուս կողմից՝ հաճախորդների սրընթաց կորուստ։ Այլ ելք չեմ կարող պատկերացնել։ Ես այս որոշումն ավելի շատ հակված եմ դիտարկել որպես ուղղորդված հակապետական գործողություն»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։