29/11/2021 19:21
Պետք է այնպես անել, որ առանց այն էլ վնասված տնտեսությանը նոր հարվածներ չհասցվեն. Թաթուլ Մանասերյան
Որոշում կայացնողները նախևառաջ իրենք պետք է հարգեն իրենց որոշումը և օրենսդիր մարմինը. մեկ անգամ չէ, որ փաստվել է՝ որոշ մարդիկ և՛ առանց դիմակի են, և՛ առանց ՊՇՌ թեստի, և՛ օրենքը ոտնահարում են, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանելուն։
«Իհարկե, ես կողմնակից եմ կարգուկանոնին, որպեսզի օրենքը գործի բոլորի համար, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Կարծում եմ՝ խստացումների կարիք կա, բայց պետք է այնպես անել, որ առանց այն էլ վնասված տնտեսությանը նոր հարվածներ չհասցվեն։ Հավանաբար պետք է այլ տարբերակներ մտածել։ Մարդիկ, իհարկե, պետք է պաշտպանվեն կորոնավիրուսից, բայց պետությունը հենց նրա համար է, որ գտնի ոսկե միջինը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետը փաստեց՝ համաճարակի դեմ պայքարի գործողություններին պետք է մասնակից դառնա նաև փորձագիտական հանրույթը, մինչդեռ գործող իշխանությունները խուսափում են այդ գործելաոճից։
«Որևէ ոլորտում որևէ փորձագետի կարծիք հաշվի չեն առնում, այսինքն՝ սա ամենագետների կառավարություն է։ Պետք է այնպիսի մոտեցում որդեգրել, որ և՛ մարդկանց առողոջությունը հնարավորի չափ չվնասվի, և՛ տնտեսությանը վնասներ չհասցվեն, որովհետև տարածաշրջանում Հայաստանը շատ խոցելի, թույլ և անկումային վիճակում է գտնվում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։