29/11/2021 16:02
Հայաստանում հունվարի 1-ից սահմանափակումները խիստ տեղին են, բայց ցանկանալի է, որ դրանք զուտ թղթի վրա չմնան. Դավիթ Պիպոյան
Դեռ հոկտեմբեր ամսից եվրոպական մի շարք երկրներում հանրային սննդի օբյեկտներ, ժամանցի վայրեր և սպորտային ակումբներ և մի շարք այլ հաստատություններ մուտքը պարտադիր է ՊՇՌ բացասական թեստի արդյունքներով։ Հայաստանում հունվարի 1-ից այսօրինակ սահմանափակումները խիստ տեղին են, բայց ցանկանալի է, որ դրանք զուտ թղթի վրա չմնան։ Մեկ այլ հարց է, թե որքան համալիր կպահպանվեն հակահամաճարակային կանոնները ազգաբնակչության կողմից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ հավելելով, որ երեք դեղաչափով պատվաստված լինելու պարագայում անգամ ինքը Եվրոպայում ստիպված է եղելՊՇՌ թեստեր հանձնել։
«Ես երեկ հասցրեցի մի քանի ժամով լինել Երևանի մի շարք խանութներում և տեսա, որ մարդիկ դիմակ չեն կրում, հակահամաճարակային կանոնները չեն պահպանում։ Միայն խանութների մուտքի հատվածում աշխատակիցը ջերմաչափում է հաճախորդներին, հորդորում դիմակ կրել, սակայն արդեն խանութի միջանկյալ հատվածներում բոլորը առանց դիմակի են լինում։
Ենթադրում եմ, որ հունվարի 1-ից շատ մարդիկ ՊՇՌ թեստ կունենան, բայց այս կամ այն օբյեկտ մուտք գործելուց հետո հակահամաճարակային կանոնները չեն պահի», - ասաց Դավիթ Պիպոյանը։
Մեր զրուցակիցը խիստ կարևոր համարեց նաև բուհերում սահմանափակումների գործարկումը, քանի որ համալսարանները ևս փակ կառույցներ են և պետք է դառնան ընդհանուր գործընթացի անքակտելի մաս։
Պիպոյանի խոսքով՝ ուսանողները ժամանցային վայրերում ամենահաճախը լինող սոցիալական խումբն են, և հակահամաճարակային կանոնների պահպանումը բուհերում և դրանցից դուրս պետք է ամենաբարձր մակարդակի վրա կազմակերպվեն։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։