30/11/2021 13:31
Արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի հանրային սննդի օբյեկտներին. Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին
Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են, անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիները մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությանը՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց՝ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։
Նախարարին խնդրեցին արձագանքել նաև «Ռեստորանների ասոցացիայի» հայտարարությանը, որով կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։
«Ի՞նչ անդրադառնամ դրան։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունը», - ասաց Ավանեսյանը։
Նա նշեց նաև՝ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի։
«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը», - պնդեց Ավանեսյանը։