30/11/2021 16:22
ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի հիմքում են լինելու ժողովրդավարության պաշտպանությունն ու ռազմական ներուժի հզորացումը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի առաջնահերթություններն են լինելու ժողովրդավարության, դաշինքի հետապնդած արժեքների պաշտպանությունը և ռազմական ներուժի հզորացումը «ավտորիտար ռեժիմների»՝ Ռուաստանի և Չինաստանի նկատմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «ՆԱՏՕ-ի հեռանկարները մինչև 2030 թվականը և դրանից հետո» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ։
«Մենք ապրում ենք համակարգերի մրցակցության դարաշրջանում։ Ռուսաստանն ու Չինաստանը խաթարում են միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգը։ Ուժերի հարաբերակցությունը խախտվում է, ժողովրդավարությունն ու ազատությունները մեծ ճնշման տակ են», - հայտարարել է նա։
Ստոլտենբերգը նշել է նաև, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում է անկում ապրում, իսկ հարգանքը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նվազում է։
«ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը հստակեցնում է, թե ինչպես է ՆԱՏՕ-ն գործելու՝ այս նոր իրականությունում։ Առանցքային նշանակություն ունի 5 գործոն․ մեր արժեքների պաշտպանությունը, մեր ռազմական ներուժի ամրապնդումը, մեր հասարակությունների դիմակայունության բարձրացումը, գլոբալ հեռանկարների տեսլականը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զարգացումը՝ որպես ինստիտուցիոնալ օղակ, որը կմիավորի Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան», - հայտարարել է Ստոլտենբերգը։