30/11/2021 17:20
Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը ավելի օպերատիվ կկազմակերպվի
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակնման և գործակցության շրջանակներում:
Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին: