30/11/2021 16:07
Թագուհի Թովմասյանն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար. Կառավարությունն ու ՔՊ-ն դեմ են
Նոյեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Հեղինակն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Կառավարության եզրակացությունը բացասական էր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Կառավարության 2018 թ. ապրիլի որոշման պահանջների համաձայն՝ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնում են գերատեսչական հոսպիտալային և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովները, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունները նման փորձաքննություն չեն իրականացնում: Զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, նաև օգտվում են սոցիալական փաթեթի առողջապահական ուղղությունից:
Գործադիրն առաջարկել էր անփոփոխ թողնել գործող օրենքի համապատասխան հոդվածը:
Հարակից զեկուցող հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ նախագծով խախտվում է հիվանդ հաճախորդների սպասարկման հավասարության սկզբունքը:
Օրենքի նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: