30/11/2021 20:00
Ռուսական արդիականացված «Պանցիր-S1M»-ը ունակ է ոչնչացնել ցանկացած անօդաչու թռչող սարք․ մասնագետներ
«Ռոստեխ»-ի մասնագետները ներկայացրել են արդիականացված «Պանցիր-S1M» հակաօդային համակարգի առանձնահատկությունները։ Այն ի վիճակի է ոչնչացնել ցանկացած անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ թուրքական հայտնի «Բայրաքթար»-ները։
«Ռոստեխ» պետական կորպորացիայի սպառազինությունների կլաստերի արդյունաբերական տնօրեն Բեկհան Օզդոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է արդիականացված «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի առավելությունների մասին։ Ըստ մշակողի՝ արդիականացված «Պանցիր-S1M»-ը կարող է ոչ միայն արդյունավետ կերպով հայտնաբերել, այլև ոչնչացնել բոլոր հայտնի անօդաչու սարքերը, որոնք ծառայում են աշխարհի ժամանակակից բանակներին։
«Ռոստեխ»-ի ստորաբաժանում հանդիսացող «High-Precision Complexes» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միխայլովը նշել է, որ կատարելագործված «Պանցիր-S1M»-ը կարող է դառնալ ռուսական զինված ուժերի մարտավարական հակաօդային պաշտպանության հիմքը։ Փորձագետը մատնանշել է դրա փոքր չափերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերից ցանկացած զորամաս «ծածկելու» կարողությունը։
Օգոստոսին հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին անգամ օտարերկրյա հաճախորդի կվաճառի «Repellent-Patrol» շարժական էլեկտրոնային հակազդման համալիրը, որը կապահովի տարածքների գոտիական ծածկույթ՝ մինչև 20 կիլոմետր հեռու գտնվող անօդաչու սարքերը ճնշելու համար: Նաև պայմանագրեր են կնքվել «Կրասուխա» ռադիոէլեկտրոնային պատերազմի համալիրի և «Պանցիր-S1M» զենիթահրթիռային և թնդանոթային համալիրի մատակարարման համար։ Համապատասխան պայմանագրերը ստորագրվել են «Բանակ-2021» համաժողովի ընթացքում։