01/12/2021 17:40
ՀայՓոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն
ՀայՓոստը և Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երևանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
«ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների մատուցման նոր մշակույթ ձևավորելով: Մեր նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել նորարար և առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ» , - նշել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Կողմերը, համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն փոստային, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում: ՀայՓոստի և Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում է գտնվում Aliexpress-ի, ինչպես նաև մի շարք այլ փոստային և առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:
Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:
ՀայՓոստը և Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձևավորեն, ինչպես նաև կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ ձեռք բերված համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ: