01/12/2021 15:52
Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, այս մասին Aysor.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին։
Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում կլինի դեկտեմբերի 1-ից 3-ը։ ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին։
Գործուղումից վերադառնալուց հետո Մհեր Գրգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետի հետ միասին ՌԴ են մեկնել արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը, ՊԵԿ փոխնախագահներ Շուշանիկ Ներսիսյանն ու Աշոտ Մուրադյանը։