01/12/2021 16:48
Այսօր Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների սկիզբն է. Քաղաքագետ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպումն, իմ կարծիքով, Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների սկիզբն է, այսինքն՝ այն, ինչ այնտեղ մտադրությունների մակարդակով ընդունել էին երեք երկրների ղեկավարները, այժմ արդեն գործնական մակարդակով պետք է իրականացնեն աշխատանքային խմբերը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Կարծում եմ՝ աշխատանքները կիրականացվեն երկու ուղղություններով՝ սահմանազատում-սահմանագծում և հաղորդակցության ուղիների ապաշրջափակում», - ասաց քաղաքագետը։
Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ մինչև տարվա ավարտը բավականաչափ ժամանակ կա՝ եռակողմ աշխատանքային կապեր ստեղծելու համար, մինչդեռ բուն սահմանագծման-սահմանազատման և ենթակառուցվածքների ապաշրջափակամն գործընթացները կարող են տարիներ տևել։
«Հույս ունեմ, որ մինչև Նոր տարի՝ աշխատանքային խմբերի ձևավորմանը զուգահեռ, Ադրբեջանը կվերադարձնի հայ ռազմագերիներին և պատանդներին։ Ամեն դեպքում Սոչիում այս մասին թռուցիկ խոսք կար, որ պետք է իրակնացնել նաև նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերը ևս։ Խոսքն, իհարկե, գերիների վերադարձի մասին էր»,- ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում կլինի դեկտեմբերի 1-ից 3-ը։ ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին։