01/12/2021 11:26
Դեռ պարզ չէ՝ ինչպես է վերահսկելու, որ հունվարի 1-ից հանրային սննդի և այլ վայրերում մուտքը լինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով. Ասոյան
Բոլոր պարագաներում մենք նախևառաջ ապավինում ենք մեր քաղաքացիների ողջամտությանը, տնտեսվարողների բարեխղճությանը, իհարկե՝ կիրառելով սահմանափակող միջոցները ու վարչական պատասխանատվությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են վերահսկելու, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր մտնելիս պահպանեն պահանջվող կանոնները։
Նա նշեց, թե դեռևս պարզ չէ՝ ինչ միջոցներով են վերահսկելու, որպեսզի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը լինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով։
«Չեմ ուզում մոտավոր պատասխաններ տալ ու ասել, թե այս կամ այն ձևով է դա իրականացվելու, և վաղը պարզվի, որ մեկ այլ ձևով է իրականացվելու։ Կարգավորումները մշակման փուլում են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ քաղաքացիներին ու տնտեսվարողներին, որովհետև դրանով իրենք նպաստում են այս վիճակի կայունացմանը։ Շատ ցածր տոկոս են կազմում այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանում կանոնները», - ասաց Ասոյանը։