01/12/2021 14:07
Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. բանկերը վարկեր չեն տրամադրում
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերելու հավակնություն ունեցող Ռոման Տրոցենկոն, պարզվում է, վճարունակ չէ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, ըստ տեղեկությունների, դեռ չի վճարել, գրում է «Փաստինֆո»-ն։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը հավակնում է ձեռք բերել նաև Թեղուտը։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։
Կառավարությունը գաղտնի է պահում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ կասկածելի գործարքի մանրամասները, հրաժարվում հրապարակել պայմանագիրը, գործարքի գինը։ Կառավարությունը չի պատասխանել նաև լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք գումարը վճարվել է։ Սակայն «Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռևս չի կարողացել վճարել, ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար ևս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռքբերման օրինականության առումով, խուսափում են վարկ տրամադրել։
Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել էր դատարան՝ կոմբինատի բաժնետոմսերը օտարվելու դեպքում դրանք ձեռք բերելու նախապատվությունն իրեն տալու պահանջով ու միաժամանակ ներկայացրել ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա արգելանք դնելու միջնորդություն։
Դեռևս օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն վիճարկել է բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման օրինականությունն ու վերաքննիչ բողոք ներկայացրել։ Եվ մեծ է հավանականությունը, որ գործարքը անօրինական կարող է ճանաչվել, ավելին՝ այն կարող է քննարկման առարկա դառնալ նաև միջազգային արբիտրաժային դատարանում՝ բաժնետիրոջ իրավունքների խախտման համատեքստում, հետևապես, բանկերը ձեռնպահ են մնում ֆինանսավորել այդ գործարքը։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ, Տրոցենկոն բաժնետոմսերը ձեռք էր բերել հետաձգվող վճարման պայմանով, ընդ որում՝ բավականին ցածր գնով, ինչը մոտ երկու տարում ստացված դիվիդենտներից ավելի քիչ է։ Շրջանառվող տեղեկությունների հաստատման պարագայում կարելի է արձանագրել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 60 տոկոս բաժնետոմսերը Տրոցենկոյին պատկանող ընկերությունը ձեռք է բերել գրեթե «անվճար»։
Ու անգամ այս գումարը Տրոցենկոն չի վճարել։ Թե անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում ինչպես է պատրաստվում նա իրականացնել խոստացված բազմամիլիարդանոց մյուս ներդրումներն ու պղնձաձուլարանի կառուցումը, արդեն այլ հարց է, դրան առանձին անդրադարձ կարվի։ Պետք է փաստել, որ ԶՄՊԿ 12,5 տոկոսի սեփականատերը դատական կարգով պահանջում է ոչ միայն անվավեր ճանաչել նշված գործարքը, այլև նույն պայմաններով, ինչով բաժնետոմսերը օտարվել են երրորդ անձի, օտարվեն իրեն՝ որպես նախապատվություն ունեցող սուբյեկտի։
Բացի այդ, մտահոգություններ է առաջացնում նաև այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այսօր խնդիր ունի Ադրբեջանի հետ՝ Սոթքի հանքի շահագործման տեսանկյունից, քանի որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կարող է դատական վեճ առաջացնելով՝ պահանջել փոխհատուցել հանքի շահագործման համար, նաև չի բացառվում, որ դատական վեճի պայմաններում հանքի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը կարող են անցնել Ադրբեջանին։ Այդպիսով լուրջ խնդիրներ ի հայտ կգան նաև Հայաստանի տնտեսական անվտանգության համատեքստում, այդ թվում՝ ընդերքի նկատմամբ սեփականության մասով շահագործումներն ապահովելու վերաբերյալ։