01/12/2021 18:30
Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետբյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի տեղեկացմամբ` նախաձեռնության նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է:
Առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջեւ` 50/50 հարաբերակցությամբ: Այսինքն, 50%-ը` տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը` ընդհանուր վերցրած` Հայաստանում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքներին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ:
Նաև առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում` ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը:
Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն առաջարկել են օրենքի նախագծում հստակ նշել, թե ինչ նպատակով կարող են օգտագործվել վերոնշյալ ֆինանսական հատկացումները: Ըստ նրանց` նաև պետք է հստակեցնել, թե ո՞ր համայնքը որքան գումար է ստանալու:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ փաթեթը միտված է համայնքների սեփական եկամուտների ավելացմանը, և գումարի բաշխումն էլ պետք է կատարի համայնքի ավագանին` իր հայեցողությամբ:
Փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում: