01/12/2021 17:23
Նախարարը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին և ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:
Նախարարը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշել է, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, և ներկայում քննարկվում են կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Տիկին Դուարտեն ևս կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի և ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: