02/12/2021 19:40
Արցախի ՄԻՊ-ը հետևում է Կարմիր շուկայում իրադարձությունների զարգացմանը, ադրբեջանցիների կողմից կրկին կրակելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չկա
Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի գրասենյակն այս պահին պաշտոնական որևէ տեղեկություն չի կարող տրամադրել Կարմիր Շուկայի ուղղությամբ ադրբեջանցիների կողմից կրկին կրակ բացելու վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից։
«Ցավոք, ոչ մի պաշտոնական տեղեկություն չենք կարող տալ՝ մինչև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պաշտոնական հայտարարություն չանի։ ՄԻՊ-ի կողմից դեռ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա»,- փոխանցեցին ՄԻՊ աշխատակազմից։
Հարցին՝ աշխատակազմից գործուղված աշխատակիցներ կա՞ն՝ տեղում ճշտելու իրավիճակը, գրասենյակից դրական պատասխան հնչեցրեցին՝ հավաստիացնելով, որ անընդհատ հետևում են իրադարձությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Արցախի մարդու իրավունքների պաշտան Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։
Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։