02/12/2021 13:23
Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում տրանսպորտից․ այս վարակն արիստոկրա՞տ է, միայն ռեստորաններում, թատրոններում ու թանգարաններո՞ւմ է պտտվում․ «Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահ
Մշակութային կենտրոններ և հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստման մասին հավաստող փաստուղթ ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությունը վնաս է հասցնելու ռեստորաններին, սրճարաններին, հանրային սննդի օբյեկտներին, համոզված է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը։
«Սա առաջին ու վերջին համաճարակը չէ, կան ավելի վախենալու հիվանդություններ, որոնց պատճառով տնտեսությունները «վարի» չեն տալիս: Ես հուշեմ՝ ինչ կարող է անել Առողջապահության նախարարությունը. վիրավոր տղաները չեն կարողանում հաշմանդամություն ձևակերպել: Ա՛յ դա: Ի դեպ, առողջապահության նախարարի փոխարեն՝ թող խոսեր էկոնոմիկայի նախարարը: Մարդիկ զբաղված են քաղաքականությամբ, բյուրոկրատիայով, բայց ոչ տնտեսության կայունությամբ և առողջապահությամբ: Ոլորտի ներկայացուցիչների հետ չեն խոսել: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները զբաղված են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգները կատարելով՝ առանց հաշվի առնելու ՀՀ սուվերեն շահերը: Եթե այդքան անհանգստանում են հանրային առողջությամբ՝ մենք այսօր օրհասական խնդիր ունենք: Վիրավորներ ունենք, ու սա ավելի մեծ խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցիացիա» -ի նախագահն ընդգծել է՝ տնտեսության ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումներով է պետք որոշումներ կայացնել, որպեսզի սոցիալական ճգնաժամ չլինի:
«Մեզ մոտ դրոշակը վերցրել են, թե՝ ուրիշ երկրներում այսպես են անում: Ուրիշ երկրները կործանեցին իրենց տնտեսությունը, եկեք մենք էլ կործանենք: Այս որոշումը միանշանակ վնաս է հասցնելու հանրային սննդի օբյեկտներին: Հանրային սննդի օբյեկտներում վարակվելու վտանգ չկա: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում հասարակական տրանսպորտից: Ինչո՞ւ են լռում: Այս վարակն արիստոկրա՞տ է, միայն ռեստորաններում, թատրոններում ու թանգարաններո՞ւմ է պտտվում»,- հարց է բարձրացրել Աշոտ Բարսեղյանը:
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահին հետաքրքրում է նաև, թե ինչպես են ստուգելու հաճախորդներին, այցելուներին:
«Ենթադրենք՝ մեզ ոչ ճիշտ, կամ նկարած, պատճենած հավաստագիր է ներկայացվում: Ուզում եմ հասկանալ՝ QR կոդերը ո՞ր տեխնիկական միջոցով են ստուգելու: Երկու տարի ոստիկաններ էին կանգնեցնում ծխողների համար, հիմա՝ կոդերի: Չեմ հասկանում, ռեստորանները բոլորի աչքի փո՞ւշն են: Ոնց որ պետությունը մտածի՝ ո՞նց անի, որ 80 000 հոգի չաշխատի»,- ասել է նա։