02/12/2021 09:40
«Փաստ». Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները կարող են տևել մի քանի տարի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հստակեցման կամ, այլ ձևակերպմամբ, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նպատակով առաջիկայում կձևավորվի համապատասխան հանձնաժողով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ձևավորվող հանձնաժողովը, նախնական պայմանավորվածության համաձայն, կգլխավորեն երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես նշում են փորձագետներն ու ոլորտի մասնագետները, սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականում իրենից բավական բարդ, երկարատև ու աշխատատար գործընթաց է ներկայացնում։ Մասնագետները նաև նշում են, որ այդ գործընթացը հնարավոր է տևի մի քանի, անգամ մինչև տասը տարի։ Ավելին, կա տարբեր երկրների փորձը, երբ նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքը դեռևս վերջնական արդյունք չի տվել:
Մեր աղբյուրի պնդմամբ, կապված եղանակային բարդ ու վատ պայմանների հետ, նախատեսվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքները սկսել 2022 թվականի գարնանը, իսկ ավելի կոնկրետ, ինչպես բառացի փոխանցեց մեր զրուցակիցը, «երբ կսկսվի ձնհալը»»։