02/12/2021 16:21
«Աշոտ Երկաթին» կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները․ հերոսականության գաղափարն ազգի մեջ սպանելու հատուկ քաղաքականություն է վարվում․ Սրապիոնյան
«Աշոտ Երկաթին»՝ հրամանատար Աշոտ Մինասյանին, ամենամեծ ցանկությամբ կարող էին ձերբակալման սանկցիա տալ և կալանավորման որոշում կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև նա նրանց համար միայն կարող էր դիտվել որպես թշնամի, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց հասարակական գործիչ, մտավորական Սերժ Սրապիոնյանը։
Նա ընդգծեց՝ այն դատախազությունը, որը հերոսին կալանավորելու սանկցիա կարող է տալ և այն դատավորը, որը կարող է հաստատել այդ որոշումը, թիրախավորում է, հարվածն ուղղում այն մարդկանց նկատմամբ, որոնք արյուն են տվել մեր երկրի համար։
«Աշոտ Մինասյանը տարել է սրտի 6-7 վիրահատություն, թոքից հեռացրել են բեկոր, նա ռեժիմով դեղորայք էր ընդունում, հեռախոսի մեջ հատուկ ծրագիր ուներ, որը հուշում էր, թե որ ժամին ինչ դեղ պիտի ընդունի։ Հիմա նրան բերել են, կալանավորել են։ Եվ սա առաջին դեպքը չէ»,- ասաց Սերժ Սրապիոնյանը։
Մտավորականը հարց բարձրացրեց՝ հայրենիքի պաշտպանների դերն արժեզրկելով, նրանց կալանավորելով՝ ու՞մ են թողնում հայրենիքը պահպանելու առաքելությունը։
«Նրանց, ովքեր իրենց հող հայրենիի նվիրյալներն են, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, բերել են այս տեսակ արժեք ունեցող, ազգային արժեքները բարձր պահող մարդուն կալանավորում են։ Ու՞մ են թողնում այս երկիրը պահելու, ո՞վ է արդեն այս երկրի տերը։ Այն ճամարտակողները, ովքեր փողոցներ փակելով վայրահաչում էին, թե «մենք ենք տերը մեր երկրի», դրանց մեջ կա՞ այն տերը, որն այս երկրի արժեքը կհասկանա՝ բացի ստամոքսով մտածելու ունակությունից և կգա, կկանգնի ու կասի՝ հերոսներին չեն դատում։ Իսկ դա հայտնի ճշմարտություն է. հերոսներին պանծացնում են»,- շեշտեց Սերժ Սրապիոնյանը։
Նա նշեց նաև՝ այսպիսի քայլերը վկայում են մի բանի մասին՝ հերոսականության գաղափարն ազգի մեջ սպանելու հատուկ մշակված քաղաքականություն է վարվում։