02/12/2021 15:53
«Ձերբակալեք մեր սուվերեն տարածք մտած թուրք ագրեսորներին, ոչ թե մարդկանց, ովքեր պայքարել, հաղթել, ազատագրել են հայրենիքը»․ ակցիա՝ հաջակցություն Աշոտ Մինասյանի
«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամներն ու բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, մտավորականներ ակցիա են նախաձեռնել Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Արցախյան պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին։
«Բոլորիս պահանջն է, որ այս ազգադավերը վերացնեն իրենց անհեթեթ ձերբակալությունները», - լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Նա ընդգծեց՝ հայրենիքի պաշտպաններին ձերբակալելու փոխարեն, իշխանությունները պետք է բռնեն ու ձերբակալեն մեր երկրի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիներին։
«Եթե ուզում եք ձերբակալություններ, ձերբակալեք թուրք ագրեսորներին, ձերբակալեք նրանց, ովքեր հատել են մեր պետական սահմանը և մտել են մեր սուվերեն տարածք։ Բռնեք, գերի վերցրեք ու ձերբակալեք իրենց։ Մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար, մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր պայքարել են, հաղթել են, ազատագրել են և տվել են ձեզ հայրենիք», - ասաց Գևորգ Գևորգյանը։