02/12/2021 15:08
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լուծել ռազմագերիների հարցը և սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության հարցերում», - ասել է Բլինկենը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։
«Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այս ոլորտում՝ առաջընթաց գրանցելու համար», - ասել է նա։
Բլինկենը նաև կոչ է արել Բաքվին և Երևանին լուծել այլ կարևոր խնդիրներ, մասնավորապես՝ սկսել սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, վերականգնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման։