02/12/2021 15:49
Մեր երկրում գնաճը գերազանցում է եկամուտների աճը. այստեղից հստակ հետևություն՝ մարդկանց կյանքի որակը վատանում է. Բաբկեն Պիպոյան
Մեր երկրում գնաճը գերազանցում է եկամուտների աճը. այստեղից հստակ հետևություն՝ մարդկանց կյանքի որակը վատանում է։ Այս պարագայում այլևս երկրորդելու ոչինչ չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից խմելու ջրի, փետրվարից 1-ից՝ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումներին։
«Յուրաքանչյուրը գիտի՝ ինքն ինչպես է ապրում, բայց կան թվեր, որոնք խոսում են ամեն ինչի մասին։ Շատերը ջրի թանկացման մասին կարող են մտածել՝ լավ, եղածն ընդամենը 20 դրամ է, բայց եղածն իրականում 20 դրամ չէ, 11-ից ավելի տոկոս է։ Երբ մենք որոշենք մի փոքր ավելի գրագետ նայել թվերին, դրանք պետք է, ի վերջո, վերածենք տոկոսների։
Երբ ընդամենը մեկ ոլորտում 11 տոկոսից ավելի թանկացում ունենք, մյուս ոլորտներում էլ գնաճ ունենանք, կհասկանանք, որ ինչ-որ բան պետք է անենք ինչ-որ բանի հաշվին կամ ընդհանրապես չանենք։
Եթե օրինակը սննդի վրա բերեմ, թանկացումները հանգեցնելու են նրան, որ մարդկանց առօրյա սննդի որակն ընկնելու է, ինչը երկարաժակետ կտրվածքով կյանքի որակի, առողջության վրա բացասական ազդեցություն է ունենալու», - ասաց մեր զրուցակիցը։
Բաբկեն Պիպոյանը շեշտեց՝ թանկացումները հարցի մի կողմն են, իսկ թե ինչ ենք ունենում թանկացումներին զուգահեռ՝ հարցի մյուս կողմը։
«Ենթադրենք՝ մարդը պայմանական 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դրանով գնում է սնունդ, հագուստ, ամսվա վերջին էլ կոմունալներն է վճարում և իրեն ոչինչ չի մնում։ Հետո կյանքը թանկանում է, բայց մարդու եկամուտներն էլ են աճում։ Ենթադրենք՝ նա արդեն ստանում է 110 հազար դրամ աշխատավարձ։ Քաղաքացին նույն մթերքներն է գնում, նույն կոմունալները վճարում, բայց վերջում իրեն հազար դրամ է մնում։ Նշանակում է՝ նրա կյանքի որակը լավացավ, նրա մոտ ոչինչ չպակասեց, դեռ մի բան էլ ամսվա վերջում հազար դրամ տնտեսեց։ Բայց երբ գնաճ ունենում ենք, իսկ եկամուտների աճ չենք ունենում, խնդիրն այստեղ է», - ասաց Բաբկեն Պիպոյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ գնաճին զուգահեռ եկամուտների համաչափ աճ ունենալու դեպքում որևէ քաղաքացի չի նեղսրտի, իսկ այժմ, անգամ մեկ տոկոս գնաճի մասին լսելիս մարդիկ մտահոգվում են՝ հիշելով, որ եկամուտների աճ չեն ունենալու։
«Եթե մենք իմանայինք, որ երկու տոկոս գնաճը նպաստելու է երեք տոկոս եկամուտների աճին, անգամ այդ գնաճից կուրախանայինք», - ամփոփեց Բաբկեն Պիպոյանը։