02/12/2021 16:52
Որքան գումար է «Հայաստան» հիմնադրամը փոխանցել կառավարությունն ու որտեղ է այն ծախսվել
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:
Այդ հաղորդագրությամբ աշխատանքային խումբը հայտնում է, որ դրամական միջոցների ոչ նպատակային կիրառման մասին որևէ հավաստի ապացույց չի ստացել: Աշխատանքային խումբն ու արտաքին աուդիտորը զեկուցել են, որ իրավական սահմանափակումները խոչընդոտել են ՀՀ կառավարության կողմից ծախսված գումարների սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրությունը: Գևորգ Պապոյանը նշել է, որ միանում է ՀՀ վարչապետի առաջարկին և նիստին մասնակցող Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին խնդրել է կառույցի աշխատանքներում ներառել այդ գումարի ծախսման հաշվեքննությունը:
Լեւոն Յոլյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետում կփորձեն խնդիրը լուծել և հորդորել է պատգամավորներին առաջարկներ ներկայացնել, այդ թվում նաև աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավման մասով:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թ. ընթացքում նվիրաբերության 9 պայմանագրերով 52 մլրդ 700 մլն դրամ է հատկացրել Կառավարությանը: Հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ նվիրաբերությունները կարող են օգտագործվել ենթակառուցվածքներին վերաբերող, սոցիալական և առողջապահական ծրագրերի իրականացման նպատակով: Հաշվի առնելով, որ շահարկումներ են եղել հարցի առնչությամբ՝ հիմնադրամը դիմել է նաև Կառավարությանը՝ այդ միջոցների օգտագործման վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու: Գործադիրը հստակ պարզաբանել է, որ ստացված 52 մլրդ 700 մլն դրամից մոտ 20 մլրդը 2020 թ. ընթացքում օգտագործված է եղել կոնկրետ սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերի սահմաններում, իսկ 2021 թ. առաջին կիսամյակում մոտ 33 մլրդ դրամը՝ կրկին նույն նպատակներով:
Հոգաբարձուների խորհրդի նիստում արտաքին աուդիտորի եզրակացությամբ հաստատվում է, որ ըստ ստացված հաշվետվությունների՝ ծախսման ուղղությունները համապատասխանում են նվիրաբերության պայմանագրով սահմանված նպատակներին: Նախարարը նշել է, որ օրենքով սահմանված կարգով Քննիչ հանձնաժողով է ձևավորվել, այդ հարցով դիմում է ձևակերպվել Հաշվեքննիչ պալատին:
«Այս ամենի հաստատումը կլինի այն, որ ամեն ինչ տեղի է ունեցել համապատասխանության շրջանակում և չկա որեւէ շեղում: Այդ աշխատանքները կտարվեն մեր աջակցությամբ և թույլ կտան ձևավորել վերջնական ու հասկանալի եզրակացություն ու մեկընդմիշտ փակել այս հարցը»,-ասել է նախարարը: