02/12/2021 17:20
Հայաստանում առկա է լուրջ տնտեսական ճգնաժամ. դժգոհությունները չեն արտահայտվում, որովհետև շատերի վրա տաբու է դրված այս կառավարության գործելաոճի առնչությամբ դժգոհություն հայտնել. տնտեսագետ
Հայաստանում առկա է լուրջ տնտեսական ճգնաժամ. մարդկանց կենսամակարդակը նվազում է, իրական եկամուտները չեն աճում, գնաճ է նկատվում։ Ճգնաժամի պայմաններում այս ամենն անխուսափելի է, այլ հարց, որ պետք էր կարողանալ խուսափել ճգնաժամից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից խմելու ջրի, փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի թանկացումներին։
«Մենք գիտենք, որ տնտեսական ճգնաժամը զգալի մասով պայմանավորված է քաղաքական գործոններով՝ կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքար և պատերազմում տարած պարտություն, որը նվազեցրել է աճի միտումները և Հայաստանը բերել շատ ծանր վիճակի։ Այսպիսով՝ խնդիրը զուտ տնտեսական մակարդակով դիտարկել չի ստացվի»,- ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է համատարած թանկացումների առնչությամբ քաղաքացիների ընկալումներին, ապա, տնտեսագետի խոսքով, այն, ինչ շատերի կողմից համարվում էր անընդունելի, հիմա այդ կերպ չի ընկալվում։
«Որովհետև այլ է մեդիապատկերը, քարոզչական դաշտը, և մարդիկ այս ամենը, ինչպես տեսնում եք, հանդուրժում են։ Այո՛, դժգոհություններ կան, բայց այդ դժգոհությունները չեն արտահայտվում, որովհետև շատերի վրա տաբու է դրված այս կառավարության գործելաոճի առնչությամբ դժգոհություն հայտնել։
Անհասկանալի է, թե ինչու են մարդիկ համաձայնում արդարացումների հետ. որովհետև գործող կառավարության կողմնակիցները կամ չեն ուզում ընդունել առկա իրավիճակը, կամ օբյեկտիվ պատկերի փոփոխությունն իրենց վրա այդքան էլ չի ազդում»,- ասաց Հրանտ Միքայելյանը։