04/12/2021 13:27
Մոտ 200 տնտեսվարող փակվել է, 10-15 հազար երիտասարդ մասնագետ լքել է Հայաստանը․ «Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահ
Արդեն որերորդ անգամ առողջապահության պատասխանատուներն արտահայտում են մտքեր և նախագծեր են կյանքի կոչում, որոնք ուղիղ ազդեցություն ունեն սոցիալական և տնտեսական կյանքի վրա, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է «Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով նախագծին, որով հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, օրինակ՝ ռեստորաններում կազմակերպվող միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
«Նախարարի հայտարարության օրը շատ մեծ աղմուկ բարձրացավ, հազարավոր զանգեր ստացանք, թե չեղարկվելո՞ւ են միջոցառումները։ Գիտեք, որ Նոր տարի է, մարդիկ գնում են հանգստյան տներ: Բոլոր հայտնի կուրորտներում արդեն տեղ չկա, մարդիկ արդեն կանխավճարները մուծել են և չեն հասկանում՝ կարողանալո՞ւ են օգտվել, թե՞ ոչ։ Տնտեսվարողներն իրենց հերթին չեն հասկանում՝ ինչ մեխանիզմով են վերահսկելու, ինչու պետք է տնտեսվարողը պետության որոշումների վերահսկող հանդիսանա», - ասել է Բարսեղյանը։
«Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահն ընդգծել է՝ առողջապահության նախարարը հայտարարում է, թե ամեն ինչ նորմալ է, 1 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, այդ դեպքում հավելյալ սահմանափակումների տրամաբանությունն անհասկանալի է։
«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք հավելյալ սահմանափակումներ մտցնում: Տիկին Ավանեսյանի երկրորդ հայտարարությունն ավելի տարակուսելի էր։ Ասում է՝ ես վստահ եմ, որ տնտեսական բացասական էֆեկտ չի լինելու: Իրենք վստահ չեն առողջապահական էֆեկտի վրա, վստահ չեն մահացածների թվի վրա, բայց վստահ են, որ տնտեսական բացասական էֆեկտ չի լինելու», - ասել է Աշոտ Բարսեղյանը և անհրաժեշտ համարել նաև տնտտեսավարողներին փոխհատուցում տրամադրելու հարցի քննարկումը։
«Ի՞նչն է խանգարում հենց հաջորդ կառավարության նիստին բարձրացնել փոխհատուցումների հարցը», - ասել է նա։
«Ռեստորանների ասոցիացիա»-ի նախագահն անդրադարձել է նաև երկրում ստեղծված անվտանգային ու սոցիալական խնդիրների պատճառով երիտասարդ մասնագետների արտագաղթի խնդրին և նշել՝ ՀՀ-ն լքել է 10-15 հազար երիտասարդ մասնագետ՝ մատուցողներ, բարմեններ, մենեջերներ, հյուրընկալներ, խոհարարներ։
«Մարդիկ բացահայտ ասում են, որ երկրի անվտանգային խնդիրներից ելնելով՝ իրենք լքում են Հայաստանը: Այս տարի արդեն մոտ 200 տնտեսվարող փակվել է, վերջին եռամսյակում 3-րդ տասնյակ ռեստորանն է փակվում: Հաշվի առնելով, որ մենք ունենք 2500 ռեստորան, խոսում ենք 10 տոկոսի մասին: Եթե բնագավառի 10 տոկոսը փակվում է, ապա սա շատ զգալի ազդակ է, որ բնագավառում ինչ-որ մի բան այն չէ: Սրան պետությունը պետք է ուշադրություն դարձնի», - ընդգծել է Բարսեղյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։