04/12/2021 14:59
Լեռնային Ղարաբաղ հայ պատգամավորների այցի պատճառով Բաքուն հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից
Բաքուն նպատակահարմար չի գտել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև նախատեսված հանդիպումը Ստոկհոլմում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ստոկհոլմում ծրագրված էր դեկտեմբերի 3-ին։
Աբդուլաևայի խոսքով՝ հանդիպումից մի քանի ժամ առաջ «հայկական կողմը սադրանքի է դիմել»։
«Տեղեկատվություն տարածվեց հայ պատգամավորների կողմից Ադրբեջանի տարածք անօրինական այց կատարելու մասին։ Այդ պատճառով ադրբեջանական կողմը նպատակահարմար չգտավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Ստոկհոլմում՝ ի պատասխան Հայաստանի կողմից նշված սադրանքի։ Չնայած երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի քայլերին՝ Հայաստանը, ըստ ամենայնի, շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները։ Հայաստանի դիրքորոշումը խաթարում է տարածաշրջանում խաղաղասիրական ջանքերը», - հայտարարել է Աբդուլաևան։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է ԼՂ՝ մասնակցելու խորհրդարանական համատեղ լսումներին։