06/12/2021 18:00
Մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել. գործող իշխանություններից հիասթափությունը շատ մեծ է. Քաղաքագետ
Մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել։ Համապետական վերջին ընտրություններից հետո գործող իշխանություններից հիասթափությունը շատ մեծ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեմն Բաղդասարյանը։
«Բայց չեմ կարծում, որ այդ ամենը ՏԻՄ ընտրություններով է երևում, որովհետև դրանք իրենց մեջ շատ փոքր քաղաքական տարր են պարունակում։ ՏԻՄ ընտրությունների առանձնահատկությունը հենց այն է, որ մարդիկ ընտրում են ոչ թե կուսակցություններին, այլ՝ անձանց»,-նշեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթում են համայնքներում առավել մեծ հեղինակություն ունեցող մարդիկ։
«Շատերն այս անգամ չեն էլ թաքցնում, որ իրենք ընտրել են այս կամ այն ուժին, որովհետև որևէ մեկին պետք է ընտրեին։ Այսինքն՝ շատ են դեպքերը, երբ հաղթող թեկնածուն կարող է լինել որևէ այլ կուսակցությունից և այդ կուսակցությունը, միևնույն է, կհաղթեր։ Կարծում եմ՝ ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի վարկանիշների մասին չեն խոսում»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Խոշոր այնպիսի համայնքներում, ինչպիսիք են Աբովյանը, Վանաձորը, Մասիսը, Եղեգնաձորը և այլն, «Քաղաքացիական պայմանագիրը»-ը պարտություն է կրել։