06/12/2021 14:46
«Բոլոր փոքրիկ բռնապետիկներն անհաջողությունների են մատնվել». փաստաբանը իշխանությանը խորհուրդ է տալիս պատմական գրքեր կարդալ
Արդարադատության համակարգը պետության հիմնասյուներից մեկն է. կարծում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Պողոսյանը հայաստանյան դատական համակարգում ստեղծված իրավիճակը համեմատում է 1996 թվականին Բելառուսում ստեղծված իրավիճակի հետ։
«Երբ փականը շատ են ձգում, վերջում պայթում է մի տեղից. բայց պայթում է ոչ թե արդարադատության համակարգը, այլ՝ պետությունը։ 1996 թվականին Բելառուսում նույն գործողություններն էին կատարվում՝ կապված Սահմանադրական դատարանի, ԿԸՀ-ի հետ, երբ պետք է հանրաքվե տեղի ունենար, հետո այնտեղ ՍԴ դատավորներին մեկուսացրեցին։ Դրանցի հետո նախագահական անսահման իշխանություն ունեցող Բեկառուսի նախագահին մինչև հիմա անվանում են Եվրոպայի վերջին բռնապետը», - նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց՝ հիմա, գուցե, հայաստանյան իշխանության ցանկությունն էլ է սա։
«Ուղին դա է, ուրիշ տարբերակ չկա, մենք չենք կարող խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին, երբ երկրում արդարադատություն տեղի չի ունենում, բայց այդ ճանապարհի վրա բոլոր փոքրիկ բռնապետիկները անհաջողությունների են մատնվել մինչև ամենավատ հետևանքները։ Այս առումով, ես խորհուրդ կտամ գործող իշխանություններին ու այն մարդկանց, ովքեր իշխանության պահանջերն ու հորդորներն են կատարում իրավական քողի տակ, մի քիչ պատմական գրքեր կարդան ու հասկանան, որ սա հավերժ չի կարող տևել, որոշակի տարիների խնդիր է», - նշեց Միհրան Պողոսյանը։