06/12/2021 17:38
ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին քննարկվելու է հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները. մասնակցելու է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը
ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում քննարկելու են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները, հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ Ռազմական կոմիտեի նիստը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստին կքննարկվեն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն առնչվող մարտահրավերները, հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացմանը, հավաքական անվտանգության շրջաններում կոալիցիոն զորքերի խմբավորումների տեղակայման ընթացքում հակաօդային ծածկույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։
«Ռազմական կոմիտեի անդամները կտեղեկացվեն նաև ռազմական ոլորտում ՀԱՊԿ-ի գործունեության առաջնահերթությունների մասին, որոնք առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը՝ 2022 թվականին կառույցում նախագահության ժամանակ»,- նշվում է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում։