06/12/2021 13:45
Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը դրվում է շրջանառության մեջ. արտադրող ընկերության տնօրեն
Համագործակցելով էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ՝ միասին կարողացանք իրագործել Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը, «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը։
«Սա կարևոր հաջողություն էր թե՛ մեր ընկերության, թե՛ երկրի համար։ 30 տարի շարունակ մեր ընկերությունը պահպանել է ՀՀ առողջապահության համակարգի կայունությունը՝ արտադրելով առաջին օգնության դեղամիջոցները», - ասաց Սերգեյ Մաթևոսյանը։
Ընկերության տնօրենի խոսքով՝ պատվաստանյութն արդեն կդրվի շրջանառության մեջ։
Խոսելով արտադրական ծավալների մասին՝ Սերգեյ Մաթևոսյանն ասաց, որ երեք աշխատանքային օրվա ընթացքում ընկերությունը կարող է Հայաստանի մեկ տարվա պահանջն ապահովվել.
«Տրամադրված ենք աշխատել արտահանման ուղղությամբ և այդ քայլերն արդեն արվել են ու արվում են»։
«Ուրախալի է, որ ՀՀ-ում դեղագործական արտադրությունը ևս մի քայլ առաջ է գնում և նոր տիպի արտադրանքներ տալու ներուժն իրացնում է», - ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երկար ճանապարհ անցնելուց հետո ունենք ՀՀ-ում արտադրված և բոլոր հսկողական չափանիշներն անցած արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա», - ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ արտահանումը կբազմապատկի արտադրանքի ծավալները։
«ՀՀ շուկան բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովվելու համար։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ բանակցություններ են ընթանում, աֆրիկյան որոշ երկրների հետ էլ քննարկումներ են ընթանում՝ արտահանելու համար։ Այս ամենն իրականացվում է ռուսական գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ», - ասաց նախարարը:
Քերոբյանի խոսքով՝ այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, կան քննարկումներ։