07/12/2021 18:03
ՀԱՕԿ-ն ու Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանն ամրապնդում են գործակցությունը (Տեսանյութ)
ՀԱՕԿ-ի և Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։
Մարզաշխարհում հաջողություններից զատ՝ կարևորելով նաև սպորտի բնագավառի ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացումը՝ ՀԱՕԿ-ը և Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանը համատեղ ծրագրեր են իրականացնում։
Համագործակցային ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները քննարկելու, նոր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով էլ կրկին հանդիպել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտոր Լև Բելոուսովը։
Հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանը սպորտային մենեջերների, իրավաբանների կարիք ունի։ Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտորը հավաստիացրել է, որ իրենց ԲՈՒՀ-ը պատրաստ է վերապատրաստել հայ երիտասարդներին։
Լև Բելոուսովը նշել է նաև, որ Հայաստանի և հատկապես ՀԱՕԿ-ի հետ սերտ գործակցությունը այս ընթացքում լավ արդյունքներ է տվել։
«ՀԱՕԿ-ն առաջինն էր, որ մեզ հուշագիր ստորագրեց, և մեր գործակցության առաջին օրվանից հայ ուսանողներ են սովորում Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանում։ Վստահ եմ, որ առաջիկայում նոր մասնագետներ կտանք Հայաստանին»,- ասել է նա։
Ռուսաստանի միջազգային օլիմպիական համալսարանի ռեկտորը բարձր է գնահատել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը՝ հայկական սպորտի զարգացման գործում։
Մանրամասները՝ տեսանյութում։