07/12/2021 15:49
Պատվաստման ցուցանիշները բարձրանում են, քանի որ բժիշկներն են սկսել խոսել պատվաստումների մասին. Արամ Վարդևանյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանում վիճարկել էին առողջապահության նախարարի խայտառակ հրամանը:
Ըստ ընդդիմության՝ հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել:
«Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին քննության ավարտն է լինելու ու, հավանաբար, որոշումն էլ կայքում տեղադրված կլինի դեկտեմբերի 19-ին կամ 20-ին: ՍԴ-ում հիմնական անկյունաքարը համաչափության սկզբունք է. ի՞նչ միջոցներ է պետությունն ընտրում իրավիճակը լուծելու համար, ի՞նչ սահմանափակումներ է անում, արդյոք դա համաչափ է, թե ոչ», - ասաց պատգամավորը:
Վարդևանյանը նշեց, թե ամբողջ խնդիրը նրանում է, որ պատվաստումների մասին պետք է խոսեն մասնագետները:
«Երբ սկսեն բժիշկներն ավելի ակտիվ խոսեն պատվաստումների մասին, իսկ վերջին շրջանում ես դա նկատել եմ, պատվաստման ցուցանիշները, վստահ եմ, դրանով են պայմանավորված, որ բարձրանում են, բայց վստահ կարող եմ ասել, որ պատվաստման ցուցանիշները հարկադրանքի, պարտադրանքի…այդպես չի լինում հաղորդակցումը», - նշեց նա: