08/12/2021 13:05
Ունենալու ենք հանքարդունաբերության ոլորտի փլուզում. Վահե Հակոբյանն առաջարկում է տնտեսական աճի 7 տոկոս նշաձողն իջեցնել 5-ից 5,5-ի (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն Ազգային ժողովում իր ելույթը սկսեց՝ ներկայացնելով ԵԱՏՄ գործընկեր երկրների և Վրաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող ցուցանիշները:
Ըստ պատգամավորի` ՌԴ-ում կանատեսվում է ՀՆԱ-ի 2,8 տոկոս, Ղազախստանում` 3,7 տոկոս, Ղրղզստանում` 4,7 տոկոս, Վրաստանում` 5,5 տոկոս:
Վահե Հակոբյանը հայտարարեց, թե 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն անիրատեսական է ու դժվար հավատալի:
«Կապիտալ ծախսերը 2022 թվականին նախատեսվում է ավելացնել ավելի քան 130 միլիարդով, այն պարագայում, երբ կառավարությունն արդեն իսկ թերացել է. ներկա տարում կապիտալ ծախսերը շուրջ 30 տոկոսով չի կատարվել», - նշեց նա:
Պատգամավորի խոսքով` եթե կառավարությունը հիմնական շեշտը դրել է հանքարդյունաբերության վրա, ապա պետք է հիշել, որ արդեն կիրառվում է 15 տոկոս պետական տուրք հանքանյութի արտահանման վրա, ու կառավարությունը նախատեսում է ևս մեկ բարձրացում ավելացնել:
«Կարճաժամկետ առումով սա հնարավոր է ունենա հարկային առումով դրական էֆեկտ, բայց երկարաժամկետ պարագայում ունենալու ենք ոլորտի փլուզում», - ասաց Հակոբյանը:
Նա նշեց, թե 2021 թվականի հունվար-հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,7 տոկսով` կազմելով 197 հազար 881 դրամ, սակայն ընդգծեց` կառավարությունն այս հարցով մանիպուլացնում է հանրությանը՝ հաշվի չառնելով գնաճը:
Հակոբյանը կառավարությանն առաջարկեց տնտեսական աճի 7 նշաձողն իջեցնել` 5-ից 5,5 տոկոս: