08/12/2021 16:17
Գերի ընկնելը լավ բան չէ. դա չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն. Ռուբեն Ռուբինյան
Ինչո՞ւմ է կայանում գերիների հարցի նրբությունը․ մի կողմից մենք չեն ուզում, որպեսզի մեր որևէ քաղաքացի գերության մեջ լինի կամ վերադարձած գերին իրեն նսեմացած զգա, մյուս կողմից շատ կարևոր է, որպեսզի մեր հանրությունն ընդհանրապես հասկանա, իմանա, նաև զինծառայողները իմանան, որ գերի ընկնելը լավ բան չէ։ Հուսով եմ՝ հասկանում եք՝ ինչու լավ բան չէ, որովհետև դա չի օգնում, որ մեր սահմանները պաշտպանված լինեն։ Սա է ամբողջ պատմությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ քննարկում չեն անցկացրել։
«Հրապարակված տեսանյութը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ Ալեն Սիմոնյանը ոչ մի տեղ չի կանգնել ու ասել՝ ես հիմա հայտարարություն եմ անում։ Դա թաքնված տեսանկարահանում է մասնավոր զրույցից։ Ես իմ ու մեր տեսակետն արդեն հայտնեցի՝ գերիների թեման նուրբ թեմա է, գերներին ո՛չ պետք է հերոսացնել, ո՛չ նսեմացնել», - ասաց Ռուբինյանը։
Անդրադառնալով ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա անցկացնող գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման հնարավորությանը՝ Ռուբինյանն ասաց, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ արդեն եղել են, նաև ամենաբարձր մակարդակով, նոր հանդիպում անցկացնելու ընդդիմության միջնորդության կարիք իրենք չունեն։
«Ընդդիմության միջնորդությունն այդ հարցում պետք չէ։ Եթե կարիք լինի, որ տարբեր պաշտոնյաներ հանդիպեն, կհանդիպեն», - ասաց նա։