08/12/2021 15:07
Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Բեթհովենը սարերում» ստեղծագործության պրեմիերան
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը սարերում» ստեղծագործության պրեմիերան։ Այն կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի՝ Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։
Հայաստանի սարերի միհեռու գյուղում ապրում էր մի տղա՝ անունը Դավիթ։ Դեռ փոքր տարիքից Դավիթը տարբերվում էր մյուսներից․ նրան հետաքրքիր չէր գյուղի սովորական կյանքը՝ բույսերը, կենդանիները, վարուցանը։ Նրա կիրքը երաժշտությունն էր։ Նա երազում էր ոչ միայն նվագել, այլև դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի և որ ամենակարևորն է՝ Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։
Մի օր էլ երազ տեսավ: Նա որոշեց հավաքել իր սեփական նվագախումբը և կատարել Բեթհովենի սիմֆոնիաներն անձամբ՝ իրագործելով իր մեծ երազանքը և կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի և քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան և նվագեն իր հետ։
Սա պատմություն է մի տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան մեծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները՝ իր երազանքին հասնելու համար։