08/12/2021 15:33
Պաշտպանության բյուջեն ավելացել է 11, ԱԱԾ-ինը՝ 23 տոկոսով. Գևորգ Պապոյանը պնդում է՝ պետբյուջեի նախագծում առաջնահերթությունները ֆիքսված են հստակ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծում առաջնահերթությունները ֆիքսված են հստակ, ֆինանսական բաշխումներն էլ արված են այդ ուղղություններով:
«Ունենք երեք առաջնահերթություն, դրանից մեկը պաշտպանության և անվտանգության համակարգն է և այս առումով պաշտպանության բյուջեն ավելացել է 11 տոկոսով, իսկ ԱԱԾ-ինը՝ 23 տոկոսով, համապատասխանաբար՝ 34 մլրդ դրամ մի դեպքում, 8 մլրդ՝ մեկ այլ դեպքում», - ասաց Պապոյանը:
Երկրորդ կարևոր ուղղությունը, ըստ պատգամավորի, մարդկային կապիտալի զարգացումն է:
«Այս հարցում շատ է կարևորվում գիտության, կրթության, առողջապահության դերակատարումը: Երբ մենք 89 տոկոսով ավելացնում ենք գիտության բյուջեն, առաջին հերթին, ստեղծում ենք միջավայր, որտեղ գիտությունը պետք է զարգանա: Առանց միջավայր ստեղծելու՝ գիտություն չի կարող զարգանալ», - նշեց նա:
Պապոյանը կարևոր համարեց նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին հատկացումները 2 անգամ ավելացնելը:
«Երրորդ ուղղությունը կապիտալ ներդրումներ, կապիտալ ծախսեր, ենթակառուցվածքների ստեղծումն է: Սա, միանշանակ, ապագայի համար լավ մեսիջ է, որովհետև կապիտալ ծախսերն ավելանում են մոտ 60 տոկոսով: Իսկ ինչ են կապիտալ ծախսերը. դրանք ճանապարհներ են, կամուրջներ են, թունելներ են, ջրամբարներ են, ջրանցքներ են, դպրոցներ են, մանկապարտեզներ են: Սա շատ կարևոր ուղղություն է, որը մեզ համար պետք է կարևոր հիմք դառնա ապագայում կայուն տնտեսական աճ ապահովելու համար», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:
Նա նշեց, թե 76 միլիարդ դրամով ավելացրել են սոցիալական ծախսերը:
«Կարծում եմ, որ պետական բյուջեի առաջնահերթությունները բավականին հստակ են ֆիքսված և ֆինանսական բաշխումներն էլ այդ ուղղությամբ են», - հավելեց Գևորգ Պապոյանը: