08/12/2021 17:10
Ադրբեջանը պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն ստանա Նախիջանի հետ, Հայաստանն էլ՝ Իրանի ու ՌԴ-ի. սա լիարժեք համապատասխանում է ՀՀ շահերին. Փաշինյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը մեջբերեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը:
«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտայինն անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջանի միջև, քաղաքացիների, բեռների երկկողմ փոխադրում և այլն: Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Հիմա հարց, սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպետենտից բաղկացած ուղղակի միջանցք», - հայտարարեց պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կարծում է, որ հարցը տվող պատգամավորի քաղաքական ուժը կողմնորոշվի մի հարցում՝ ինքը մեկնաբանում է տեքստը՞, թե՞ հաղորդում է ուրիշների մեկնաբանությունը, որ իրենց հանձնարարված է որպես սեփական մեկնաբանություն հաղորդել:
«Նախ այդ կետը եթե կարդում եք, կարդացեք, որ գրած է՝ բացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպոորտային կապերը, երկրորդը՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը: Դուք ուզում եք ստանաք պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե չէ, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք: Եթե ձեր ուզածը դա է, այլ խնդիր: Հայաստանը շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ, այո, մենք պատրաստ ենք ու շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի բացմամբ այն ընկալմամբ, որ, այո, Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն ստանան Նախիջևանի Հանրապետության հետ, Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կապ ստանա Իրանի ու ՌԴ-ի հետ», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե այն, ինչ իրենք առաջարկում են, լիարժեք համապատասխանում է Հայաստանի շահերին:
Աննա Մկրտչյանն էլ արձագանքեց, թե շատ լավ հասկանում է, որ խորհրդարանում նստածներին Նիկոլ Փաշինյանը նամակներ է գրում, բայց իրենց մոտ դա չի աշխատում:
«Նախորդ մոտեցումները, որ դուք իմ հարցերի հետ կապված որդեգրել էիք, որ չէիք մոտենում, դա ձեզ համար ավելի շահեկան էր, որովհետև ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ էլ դիվանագիտական անդրադարձ չկար: Նախորդ դեպքերում արտիստիզմը ձեր մոտ գերակշռում էր, հիմա թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան զրոյական է», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց՝ այո, նամակներ գրում է, իրեն էլ են գրում:
«Պրոբլեմն այն է, որ ովքեր ձեզ են նամակ գրում, դուք չեք ճանաչում նրանց, ոչ էլ շփվել եք, ձեր ղեկավարին են գրում նամակ կոնկրետ հանձնարարություններով, դուք սկի չեք հասկանում, թե ինչ եք խոսում: Ձեզ կտան, կասեն՝ կարդա, կկարդաք ու չեք էլ հասկանա, թե ինչ եք կարդում», - ասաց վարչապետը: