08/12/2021 11:16
2022-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել. Նախարարը վստահ է` տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի
«Պետական բյուջեի մասին» օրենքի հատվածում եկամուտների մասով նախատեսում է 1 տրիլիոն 947,8 միլիարդ դրամ եկամուտներ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ բյուջեի ծասերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը` 236,2 միլիարդ դրամ:
«Բացի նշված ծախսերը, 2022 թվական պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 միլիարդ 556 միլիոն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվեն սահմանվածից որոշակի պակաս արժեքով», - նշեց նախարարը:
Խաչատրյանի խոսքով` երեք շաբաթ առաջ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում ու դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառ, որոնցից առաջինն օրենքով սահմանված արտարժութային ծախսերի եկամուտների ու ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկումն է նոյեմբերի 1-ի փոխարժեքով. ընդհանուր առմամբ՝ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 միլիարդ 548,3 միլիոն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82,8 միլիոն դրամ` պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ եկամուտներով, այլ եկամուտները նվազել են 42, 8 միլիոն դրամով՝ պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով, իսկ պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 միլիարդ 508,4 միլիոին դրամով, ինչը ձևավորվել է մի կողմից փոխարժեքային վերահաշվարկների, մյուս կողմից` Եվրոպական միության դրամաշնորհային աջակցության ավելացման արդյունքում:
Ֆինանսների նախարարն ասաց, թե փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 միլիարդ 187,9 միլիոն դրամով, որից փոխարժեքի գծով վերահաշվարկի հետևանքով միջոցառումների արժեքները նվազել են 6 միլիարդ 331 միլիոն դրամով, իսկ բյուջետային գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված լրացուցիչ առաջարկությունների արդյունքում ծախսային ավելացումները կազմել են 1 միլիարդ 143,4 միլիոն դրամ:
«Բյուջեի ու եկամուտների ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը նվազել է 6 միլիարդ 736,3 միլիոն դրամ չափով», - ասաց նախարարը:
Նա նշեց, թե 2022 թվականի բյուջեի նախագիծը ձևավորվել է կառավարության 2021-2026 թվականի ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ` հատուկ կարևորելով անվտանգային հարցերի, կրթական համակագերի, ինչպես նաև ներառական ու որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը:
Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63,5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60,2 մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը:
2022-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերը կկազմեն 27,7 տոկոս, ընթացիկ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 23,2 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը, ինչն այս տարվա համար սպասվող 3,2 տոկոս մակարդակից ավելին է 1,3 տոկոսային կետով:
«2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, դեռևս ամբողջովին հաղթահարված չեն կորոնավիրուսի ու պատերազմի անվտանգային, սոցիալական ու տնտեսական հետևանքները. չնայած դրան՝ այդպիսի բարդ պայմաններում մեզ հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը: Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն, ինչի շնորհիվ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվեց տնտեսության վերականգնման բավականին բարձր` 5 տոկոս չափով աճի տեմպ: Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ ու հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար», - ընդգծեց նախարարը: