09/12/2021 11:13
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի առաջին հանդիպումը. Թուրքիայի ԱԳՆ
«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին, փոխարտգործնախարարների մակարդակով կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Երեկ խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։
Այս առումով, նրա խոսքով, Ռուսաստանի գործընկերներից դրական ազդակ կա, և դեկտեմբերի 10-ին «3+3» ձևաչափի նախանիստն է լինելու։
«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները», - հայտարարեց Փաշինյանը։