09/12/2021 19:10
«3+2» ձևաչափում գերիշխող ձայնը հաստատ Հայաստանինը չի լինելու, Արցախի հարցը կարող է մտնել օրակարգ. Արմեն Բադալյան
«3+2» ձևաչափում գերիշխող ձայնը հաստատ Հայաստանինը չի լինելու։ Ավելին՝ դժվար է ասել, որ այս ձևաչափում Հայաստանն ինչ-որ շահ կունենա։ Սա այն պարզ պատճառով, որ քանի դեռ Հայաստանի վարչապետը չի փոխվել, Հայաստանը որևէ ձևաչափում չի կարող որևէ շահ պաշտպանել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ Հայաստանը ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով մասնակցելու է դեկտեմբերի 10-ին կայանալիք «3+2» ֆորմատի նախանիստին։
Անդրադառնալով նշված ձևաչափում Թուրքիայի կողմից Արցախան հակամարտության արծարծման հնարավորությանը՝ Արմեն Բադալյանը նկատեց՝ կասկածից վեր է, որ Թուրքիան նման փորձ կանի։
«Դա կախված է ոչ թե Հայաստանից, այլ Ռուսաստան-Թուրքիա ձևաչափից։ Եթե Թուրքիան փորձի, և Ռուսաստանն ու Իրանը դրան դեմ չլինեն, ապա հակամարտութան կարգավորման հարցը կարող է մտնել օրակարգ։ Այստեղ արդեն կարևոր են Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները։ Հայաստանն այս դեպքում դերակատարություն չի ունենալու, և ՀՀ վարչապետն այդ քննարկումներում նստած լինի սեղանի շուրջ, թե ոչ, նշանակություն չի ունենալու», - ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ հարցի լուծման համատեքստում վճռորոշ են լինելու Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները։
Արմեն Բադալյանը շեշտեց՝ որ Թուրքիան ամեն բան անելու է՝ բոլոր հնարավոր, այդ թվում՝ «3+2» ձևաչափում լուծելու ԼՂ հակամարտության հարցը, այլ բան է, որ ՀՀ իշխանությունները այս հարցին խիստ իմիջիայլոց են մոտենում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Լավրովն ասել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևաններ, նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։