09/12/2021 17:42
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի Մաճկալաշեն գյուղի տրակտորիստի ուղղությամբ․ կրակել են նաև խոշոր տրամաչափից․ համայնքի ղեկավար
Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ News.am-ին հայտնել է Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։
«Տրակտորիստին ոչինչ չի պատահել։ Կրակոցներից հետո տրակտորը հանել ենք այդ վայրից»,- նշել է համայնքի ղեկավարը։
Լեռնիկ Ավանեսյանը հայտնել է, որ հակառակորդը կրակել է 5 անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից։
«Մոտ 1 րոպեի չափ են եղել այդ կրակոցները։ Ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, չկային, առիթից օգտվել են։ Հիմա արդեն եկել են, ամեն ինչ հանգիստ է»,- ասել է Լեռնիկ Ավանեսյանը։