09/12/2021 10:36
Մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ. ժամանակը մեր դեմ է աշխատում. Տիգրան Աբրահամյան
Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել, ապա երեկ Քննչական կոմիտեն հստակեցրել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հակառակորդի արձակած գնդակից։
Որքան հասկանում եմ առկա տեղեկատվությունից, փորձաքննությունը ցույց է տվել, որ կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն։
Սահմանագծի այդ հատվածը բավականին վտանգավոր է, միջդիրքային տարածությունը փոքր, այնուամենայնիվ, կարճ տարածության մեջ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք։
Տարբեր առիթներով ասել եմ ու այսօր էլ կրկնում եմ՝ անկախ այն հանգամանքից, որ մեր զինծառայողներն առաջնագծում բավականին ծանր պայմաններում պատասխանատու ծառայություն են կրում, մարտական հերթապահության անցկացման մոտեցումներում պետք է արմատական փոփոխությունների գնալ։
Ժամանակը մեր դեմ է աշխատում. սա նույնիսկ քննարկման ենթակա էլ չի», - գրել է Աբրահամյանը: