09/12/2021 16:52
CDA Online հավելվածի միջոցով կայացել է «Ակբա բանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը
Տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։ Ժողովին մասնակցել են մինչև ս. թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանկի կողմից իրականացված բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը գրանցված բաժնետերերը (1118 անձ)։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի CDA Online հավելվածի միջոցով տեղի ունեցած արտահերթ ընդհանուր ժողովում հաստատվել են նաև ս. թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները։ Արդյունքում բաժնետոմսեր գնած անձինք Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից կգրանցվեն բաժնետերերի վերաբերյալ ռեեստրում:
«Բաժնետերերի արտահերթ ժողովի գումարման հիմնական նպատակը Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների հաստատումն էր: Մենք դեռևս սեպտեմբերին թողարկեցինք 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով 500 000 հատ բաժնետոմս, որն ամբողջությամբ սպառվեց նախանշված ժամկետներում: Այս վստահության համար մենք շնորհակալ ենք մեր բոլոր բաժնետերերին և ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքներն ու միասին նպաստենք մեր երկրի տնտեսության զարգացմանը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկի բաժնետերերի ժողովն առաջինն է, որը տեղի է ունենում CDA Online հավելվածի միջոցով։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան առցանց էլեկտրոնային քվեարկության համակարգ ներդրած առաջին կազմակերպությունն է տարածաշրջանում։ Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում CDA Online հավելվածը կշարունակի բարձր պահանջարկ վայելել ինչպես բաժենտիրական ընկերությունների, այնպես էլ ներդրողների շրջանում, քանի որ այն ունի հագեցած ֆունկցիոնալ և չի սահմանափակվում միայն առցանց բաժնետերերի ժողովներ հրավիրելու և անցկացնելու հնարավորությամբ»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։